National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.05.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 12

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 21-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով:

Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին,  նշել է, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ հարաբերությունները վերջին տարիներին համատեղ ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի են հասել: ԱԺ նախագահը բարձր է գնահատել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով` երկկողմ ամուր հարաբերությունները պայմանավորված են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրություններով:

Ըստ Արա Բաբլոյանի` այս այցը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու մեծ հնարավորություն է, ինչն իր հերթին կնպաստի  բարեկամ երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացմանն  ու զարգացմանը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը`  հույս հայտնելով, որ Կիպրոսի Ներկայացուցիչների  պալատը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին` Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում: «Թեեւ մեր առջեւ դրված են տարբեր խնդիրներ, սակայն կարգավորման առումով մոտեցումը նույնն է` առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա»,- ասել է Արա Բաբլոյանը:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ  Կիպրոսն ու Հայաստանն ընդհանրություններ շատ ունեն եւ  հաշվի առնելով այդ հանգամանքը` կարելի է առավել խորացնել ու զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում:

Դեմետրիս Սիլուրիսն առաջարկել է ստեղծել խորհրդարանական համագործակցության եռակողմ ձեւաչափ` Կիպրոս-Հայաստան-Հունաստան: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարեւորել է հնչած առաջարկը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին` Դեմետրիս Սիլուրիսը վերահաստատել է, որ Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում եւ միջազգային տարբեր հարթակներում մշտապես աջակցել եւ աջակցելու է Հայաստանին:

Հանդիպմանը կողմերը կարեւորել են Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը` նշելով,  որ հայերը Կիպրոսի հասարակության լիիրավ անդամներ են եւ մեծ դեր ունեն պետության զարգացման գործում:

Հայաստանի եւ Կիպրոսի պատգամավորները, անդրադառնալով  գիտակրթական,  մշակութային, տնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում հետագա զարգացման հնարավորություններին,  ընդգծել են, որ  առկա մեծ ներուժ կա:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը  գրառում է կատարել  ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Հանդիպման ավարտին  Արա Բաբլոյանն ու  Դեմետրիս Սիլուրիսը  եղեւնի են տնկել ՀՀ Ազգային ժողովի այգում` ի նշան երկու ժողովուրդների հարատեւ բարեկամության, որից հետո  լրատվամիջոցների համար հանդես են եկել համատեղ  հայտարարությամբ :




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am